Ամսագիր Հուլիս-Օգոստոս 2013 Բիրիքով գեղեցկություն

04 Հուլիս 2013, 13:37
105 |

Բիրիքով գեղեցկություն

Քչերը գիտեն, որ ջերմոցում աճեցվելուց հետո ծաղիկների առաջին հանգրվանը Երևանում մեծածախ առևտրի տոնավաճառն է, որտեղ էլ ամեն օր՝ առավոտյան վեցն անց կեսից մինչև ինը, գնվում է քաղաքի գրեթե բոլոր ծաղկի կրպակների և սրահների օրվա պաշարը: Մայիսյան մի վաղ առավոտ ես էլ չզլացա արթնանալ հինգին՝ հատուկ ծաղկի շուկա գնալու համար:

Ծաղկի մեծածախ առևտրի շուկան, սկսած գործելու առաջին տարիներից, անկախացման ժամանակաշրջանից, մի քանի վայր է փոխել: Վերջին հասցեն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի նախամուտքն է, որտեղ մոտ տասը տարի է՝ ամեն օր վաղ առավոտից տարածվում է բազում ծաղիկների բույրը:
Երբ ժամը վեցին հասա «Դինամոյի» մոտ, ծաղիկներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ արդեն սպասում էին դարպասների բացվելուն: Ծաղկավաճառներից մեկը` Ստյոպան, ինձ զգուշացրեց. «Հեսա դարպասները բացվեն, տես` ի՜նչ ա լինելու, պիտի վիդեո նկարես, մեքենաները մեկը մյուսի վրա են բարձրանում, ոնց որ ձիերի մրցավազք լինի»: Եվ իսկապես, դարպասները բացվելուց տասը րոպե անց մոտ հարյուր մեքենա արդեն շարված էր ըստ կարգի:
Չնայած ընդհանուր եռուզեռին ու մարդկանց առատությանը, շուկան շատ կազմակերպված է: Տեսականորեն այն կարելի է երեք մասի բաժանել: Մի մասում միայն վարդեր են վաճառվում, մյուսում` մեխակներ, իսկ տեղական և «էկզոտիկ» տեսակները հենց մուտքի մոտ են` թրաշուշաններ, աստղածաղիկներ, երիցուկներ, հակինթներ, հորտենզիաներ և բազմաթիվ այլ տեսակներ, բոլորը հիշելն անհնար է: Ի դեպ, էկզոտիկ ծաղիկների պակաս չէր զգացվում: Երբ հարցրեցի դրանց անունները, վաճառողն ասաց. «Անունն ի՞նչ ես անում, երրորդ ծաղկինը որ ասեմ` առաջին երկուսինը կմոռանաս»:
Ծաղիկները տարբեր երկրներից են բերվում` Հոլանդիայից մինչև Էկվադոր: Շուկայում ինձ հանդիպած ամենաթանկ ծաղիկը մանուշակագույն խոլորձն էր` ճյուղը 13000 դրամ: Իսկ ամենամատչելին՝ մեխակը: Սպիտակները 10 դրամ էին, կարմիրները` 40:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով